Մամլո հաղորդագրություններ
Կառավարությունն առաջարկում է ստեղծել Արտաքին հետախուզության ծառայություն՝ որպես ՀՀ վարչապետին ենթակա պետական կառավարման մարմին
ևս 6 լուսանկար
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Գործադիրը հավանություն է տվել «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերին: Կառավարության 2021-2026 թթ․ ծրագրով ամրագրված է արտաքին հետախուզական ծառայություն ունենալու հրամայականը: Ըստ հիմնավորման, հաշվի առնելով արցախյան 2016թ. և 2020թ. պատերազմների ընթացքում հետախուզական մարմինների կողմից տեղեկատվության տրամադրման գործընթացում առկա խնդիրները, հետախուզական տեղեկատվության օպերատիվության և որակի բարելավման անհրաժեշտությունը՝ Հայաստանն ունի նոր որակի Հետախուզություն ունենալու և սեփական հետախուզական դպրոցը ձևավորելու հրամայական՝ հետախուզական գործունեության անընդհատության և ոլորտի բարելավման ապահովման նպատակով: Հետախուզության առանձին կառույցի ստեղծման անհրաժեշտության մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ տարածաշրջանում միայն Հայաստանն է, որ առայժմ չունի առանձին հետախուզական ծառայություն: Նախագծերի ընդունման դեպքում նախատեսվում է ունենալ ժամանակակից ենթակառուցվածքներով և նյութատեխնիկական ապահովածությամբ Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման գործընթացում ուրույն դերակատարում ունեցող, ՀՀ վարչապետին ենթակա մասնագիտացված արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող ծառայություն: Արտաքին հետախուզության ծառայության ստեղծումը ոչ միայն կնպաստի ԱԱԾ գործառութային արդունավետության բարձրացմանը՝ հնարավորություն ընձեռնելով կենտրոնանալ հակահետախուզության և ահաբեկչության դեմ պայքարի ուղղություններով, այլև հնարավորություն կընձեռի ավելի ճկուն ու համարժեք արձագանքել հարաճուն փոփոխվող աշխարհի ու տարածաշրջանի մարտահրավերներին:
Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը համարվել է անհետաձգելի և սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:
Անդրադառնալով օրինագծերին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Աշխարհը փոխվում է դինամիկ ձևով, և արտաքին հետախուզական ձևերը և մեթոդները նույնպես շատ էական փոփոխություններ են ապրում: Շատ կարևոր է, որ մենք կարողանանք մեր կարողությունները տրանսֆորմացնել և զարգացնել ժամանակակից պայմաններին և պահանջներին համապատասխան: Այդ իմաստով կարծում եմ՝ կարևոր արձանագրումներից մեկն այն է, որ աշխարհում հետախուզական մեթոդները, ձևերը և բանաձևերը զարգանում են այնպես, որ միշտ չէ, որ ուղիղ կապ ունեն զինվորական բնույթի ծառայության հետ: Եվ մենք այս առումով որոշում ենք կայացրել, և դա նշված է նաև Հայաստանի մինչև 2050թ. վերափոխման ռազմավարության մեջ, ստեղծել Արտաքին հետախուզական ծառայություն՝ որպես Վարչապետին ենթակա մարմին»:
Վարչապետը հույս է հատնել, որ օրինագծերի ընդունումը կնպաստի երկրի արտաքին հետախուզական կարողությունների զարգացմանը: «Իհարկե, դա արագ տեղի չի ունենա: Ընդ որում, շատ կարևոր է արձանագրել, որ այս որոշումով այս պահին մեր ունեցած ստատուս քվոն որևէ կերպ չենք խախտի: Այսինքն՝ այս պահի գործող բոլոր մեր հետախուզական ծառայությունների կյանքում ոչինչ չի փոխվի այնքան ժամանակ, մինչև մենք չհամոզվենք, որ նոր ստեղծված արտաքին հետախուզական ծառայությունը կարող է կլանել այն գործառույթները, որոնք իրականացնում է Ազգային անվտանգության ծառայության հետախուզության դեպարտամենտը և դեռ մի բան էլ ավելին: Այսինքն՝ ի վիճակի է լիարժեք, առանց որևէ վնաս հասցնելու մեր կարողություններին դա պատշաճ մակարդակով իրականացնել»,-ասել է կառավարության ղեկավարը:
Գործադիրը շարունակում է ապահովել սուբվենցիոն ծրագրերի իրականացումը. 1 միլիարդ 272 միլիոն դրամ է հատկացվել 8 մարզի
Կառավարությունը 1,272,701.4 հազար դրամ է հատկացրել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզպետարաններին՝ սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար: ՀՀ 16 համայնքներից օրենսդրությամբ սահմանված կարգով անցկացվել է 25 ծրագրերի գնումների գործընթացը և մրցույթների արդյունքների վերաբերյալ ներկայացվել են համապատասխան արձանագրություններ: Նշված ծրագրերի շինարարական աշխատանքների և գույքի ձեռքբերման գործընթացներն ավարտվել են և անհրաժեշտություն է առաջացել պետբյուջեից ֆինանսավորման:
Վարչապետը մանրամասն ներկայացրել է իրականացված սուբվենցիոն ծրագրերը: Մասնավորապես, իրականացվել են հետևյալ ծրագրերը՝ Արագածոտնի մարզի Աշտարակ բնակավայրում իրականացվել են շենքերի էներգաարդյունավետ արդիականացման աշխատանքներ, Մուղնի թաղամասում պուրակի կառուցում, Կոմիտասի անվան զբոսայգու բարեկարգում և 3 բազմաբնակարան շենքերի բակերում խաղահրապարակների կառուցում և վերականգնում: Վերակառուցվել և կառուցվել է Արարատի մարզի Զանգակատուն, Պարույր Սևակ, Արմաշ և Ավշար բնակավայրերի ոռոգման ցանցը: Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Քարակերտ բնակավայրում իրականացվել են Բյուզանդի, Իսահակյան, Պ.Սևակի, Հ Շիրազի, Հ.Թումանյան փողոցների ասֆալտապատման աշխատանքներ, բարեկարգվել են Արաքս բնակավայրի Դրոյի փող. 3 հասցեում գտնվող մանկապարտեզի բակը և մշակույթի տան հարակից այգին, Մեծամոր համայնքի Փշատավան բնակավայրում կառուցվել է 1200 գծմ երկարությամբ գազատար: Գեղարունիքի մարզի Վարդենիս համայնքի Ակունք բնակավայրի համայնքապետարանի շենքի տանիքին տեղադրվել է 40,05 կվտ արևային կայան, Մարտունի համայնքի Ն. Գետաշեն և Ձորագյուղ բնակավայրերի փողոցներում կառուցվել են ընդհանուր 27 կմ երկարությամբ լուսավորության համակարգեր, Մարտունի համայնքի Աստղաձոր բնակավայրում կառուցվել է 1103 գծմ երկարությամբ գազատար և այլն:
Նախատեսվում են պատասխանատվություն կարգավորումներ՝ շինհրապարակներում արձանագրված խախտումների համար
Գործադիրը փոփոխություն և լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ շինարարական հրապարակներում առկա իրավիճակի, աշխատանքի անվտանգության, սանիտարահիգիենիկ, տեխնիկական անվտանգության, մթնոլորտային օդի և շրջակա միջավայրի աղտոտման խնդիրները համակարգային կարգավորելու անհրաժեշտությունից ելնելով: Ըստ հիմնավորման՝ գործող կարգավորումները պատվիրատուին չեն պարտադրում շինարարական ծրագրերի գնման պայմանագրերում պարտադիր նախատեսել կարգավորումներ շինարարական հրապարակներում առկա իրավիճակի, աշխատանքի անվտանգության, սանիտարահիգիենիկ, տեխնիկական անվտանգության, մթնոլորտային օդի և շրջակա միջավայրի աղտոտման նորմերի պահպանման վերաբերյալ: Որոշմամբ՝ առաջարկվում է նշվածը դարձնել որպես պայմանագրերի նախագծերում ներառվող պարտադիր պայման, զուգահեռ դրանց խախտման համար պայմանագրերի նախագծերում նախատեսելով նաև պատասխանատվություն նախատեսող կարգավորումներ: Ըստ այդմ՝ նախատեսվում է սահմանել, որ շինարարական ծրագրերի գնման դեպքում պայմանագրում (նախագծում) պետք է ներառվեն հետևյալ պարտադիր պայմանները․
- կապալառուն կնքվելիք պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարում է, իսկ տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունն այդ աշխատանքների համապատասխանությունը հսկում է քաղաքաշինական նորմատիվատեխնիկական և հաստատված նախագծանախահաշվային փաստաթղթերին համապատասխան,
- պատվիրատուն շինարարական աշխատանքների և տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների նկատմամբ կիրառում է պատասխանատվության միջոցներ՝ աշխատանքների կատարման ողջ ընթացքում քաղաքաշինական նորմատիվատեխնիկական և հաստատված նախագծանախահաշվային փաստաթղթերով սահմանված պահանջների, այդ թվում շինարարական հրապարակի պատշաճ կազմակերպման, կահավորման և անվտանգության տեխնիկայի կանոնների չպահպանման յուրաքանչյուր արձանագրված դեպքի համար: Ընդ որում դեպքերը և դրանց ի հայտ գալու պարագայում կիրառվելիք պատասխանատվության միջոցները սահմանվում են սպառիչ և առանց երկակի մեկնաբանության հնարավորության»,
- գնումների դիմաց վճարումները, ներառյալ կանխավճարի հատկացումը, իրականացվում է հաշվի առնելով լիազորված մարմնի կողմից հաստատված պայմանագրի օրինակելի ձևով նախատեսված պայմանները։
Արդյունքում կկարգավորվեն շինարարական հրապարակներում առկա իրավիճակի, աշխատանքի անվտանգության, սանիտարահիգիենիկ, տեխնիկական անվտանգության, մթնոլորտային օդի և շրջակա միջավայրի աղտոտման խնդիրները՝ բացառելով հայեցողական մոտեցումների կիրառումը:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը և նշել է, որ խոսքը շինհրապարակներում ստանդարտներ սահմանելու մասին է: «Այսինքն՝ շինհրապարակն ինչ վիճակում պետք է լինի, այնտեղ աշխատողներն ինչ վիճակում պետք է լինեն, ինչ հագուստ պետք է կրեն և անվտանգության ինչ միջոցներ նախատեսեն: Այստեղ հարցերը բազմաշերտ են: Մենք տեսանք, որ Երևանում փոշու ինչպիսի աննախադեպ մակարդակ կա: Շինարարության ծավալները, այո՛, շատ մեծ թափ են հավաքել, բայց, մյուս կողմից, մենք անընդհատ այդ ահազանգերը ստանում ենք և տեսնում ենք նաև, որ փոշով աղտոտվածության շատ բարձր ցուցանիշներ են արձանագրվել Երևանում: Սրա պատճառներից մեկն այն է, որ շինհրապարակներում ստանդարտները չեն պահպանվում: Մենք պետք է այս հարցում լինենք հետևողական:
Մյուս կողմից՝ շինհրապարակն ինչ վիճակում պետք է լինի, և նաև այնտեղ աշխատողներն ինչ տեսք պետք է ունենան, և շինհրապարակն ինչպես պետք է տարանջատվի մնացած քաղաքացիների առօրյա կյանքից: Սրանք բոլորը շատ կարևոր հարցեր են և ունեն և՛ անվտանգային, և՛ արդեն ասացի՝ բնապահպանական, և՛ էսթետիկ, և՛ սոցիալ-հոգեբանական նշանակություն: Կարող է նույնիսկ հարց հնչել՝ արդյոք մենք չափից ավելի ժամանակ և ուշադրություն չենք տրամադրում այս՝ մեր ընդհանուր օրակարգի մեջ փոքր թվացող հարցին: Բայց, իմ կարծիքով, նախկինում սրա մասին բազմիցս խոսել ենք, սա փոխաբերական իմաստով՝ ԴՆԹ մակարդակի խնդիր է. ԴՆԹ մակարդակի խնդիրներում շեղումները հետագա պրոցեսներում շղթայական մեծ և տեսանելի հետևանքների են բերում: Եվ ես կարծում եմ, որ այո, մենք բոլոր մակարդակներում մեր երկրում պետք է ստանդարտները սահմանենք, և ոչ միայն սահմանենք, այլև հետևողական լինենք այդ ստանդարտների իրականացման, ներդրման և պահպանման առումով: Այդ առումով այն շատ եմ կարևորում և կարևորում եմ, որ մենք հետևողական լինենք՝ ոչ թե մեկ որոշում ընդունենք, ասենք՝ մենք մեր անելիքն արեցինք, այլ հետագայում նաև տեսնենք՝ այդ որոշումներն ինրպես են աշխատում, աշխատում են, թե չեն աշխատում: Եթե չեն աշխատում կամ լավ չեն աշխատում, պետք է դրանք լավարկենք և շարունակենք աշխատել այդ ուղղություններով»,-ընդգծել է գործադիրի ղեկավարը:
Միջազգային համագործակցություն
Հավանության է արժանացել 2022 թ. օգոստոսի 19-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության միջև դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների դիվանագիտական, հյուպատոսական, վարչական և տեխնիկական անձնակազմի ընտանիքի անդամների կողմից վարձատրվող գործունեություն իրականացնելու մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Հիմնավորման համաձայն՝ 2019 թ. օգոստոսից Երևանում գործում է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը: 2022 թ. օգոստոսի 19-ին Մոնտեվիդեոյում ուրուգվայական կողմին է փոխանցել Հայաստանի ԱԳՆ հայտագիրը՝ Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ դեսպանություն բացելու հայկական կողմի մտադրության մասին։ Վերոնշյալ համաձայնագրի նպատակն է բարելավել դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների անձնակազմի ընտանիքի անդամների աշխատանքային հնարավորությունները:
Գործադիրը հավանություն է տվել 2022 թ. հոկտեմբերի 14-ին Աստանա քաղաքում ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ընտրական մարմինների ղեկավարների խորհրդատվական խորհուրդ կազմավորելու մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Համաձայնագրով կողմերը կազմավորում են ԱՊՀ մասնակից պետությունների ընտրական մարմինների ղեկավարների խորհրդատվական խորհուրդ: Համաձայնագրի շրջանակում նախատեսվում է պարբերական հանդիպումների և խորհրդակցությունների անցկացում՝ փորձի փոխանակման նպատակով քաղաքացիների ընտրական իրավունքների և ազատությունների ապահովման, ընտրությունների և հանրաքվեների անցկացման համար իրավական պայմանների կատարելագործման հարցերում՝ ԱՊՀ մասնակից պետությունների օրենսդրությանը և միջազգային պարտավորություններին համապատասխան։
Այլ որոշումներ
Գործադիրն ընդունել է Արցախի Հանրապետության կառավարությանը միջպետական վարկ տրամադրելու վերաբերյալ որոշում, որի նպատակը նպատակը 2020 թ. պատերազմական գործողությունների հետևանքով տեղահանված բնակիչների համար Լեռնային Ղարաբաղի տարածքում բնակելի տների կառուցման և կահավորման, ինչպես նաև բանկերի հանդեպ ունեցած պարտավորությունների ֆինանսավորման համար ֆինանսավորում տրամադրելն է։ Այդ նպատակի համար նախատեսվում է հատկացնել 8 մլրդ դրամ:
Կառավարությունը «Թերմորեքս» ՓԲԸ-ին թույլատրել է ներդրումային ծրագրի շրջանակում օգտվել մաքսատուրքից ազատման արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել բիմետաղյա ջերմակարգավորիչներ ու ջերմաստիճանի սահմանափակիչներ արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում՝ իրականացնելով 15 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար: Ներդրումային ծրագրի շրջանակում կստեղծվի 19 նոր աշխատատեղ՝ մինչև 140 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 15 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 1.1 մլրդ դրամ:
Գործադիրի որոշմամբ նախատեսվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, քաղաք Երևան, Արաբկիր, Վ. Վաղարշյան փողոց 24/22 հասցեում գտնվող հասարակական շենքը և հողամասն օտարել դասական աճուրդով: Աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գին է սահմանվել գույքի կադաստրային արժեքի չափը 619 782 032 ՀՀ դրամ։ Աճուրդին մասնակցելու նախավճարը սահմանվել է գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 30 989 102 ՀՀ դրամ, որը աճուրդի հաղթող մասնակցի համար համարվում է գույքի վաճառքի գնի մաս և գնորդի կողմից հետագա վճարումները կատարելուց հրաժարվելու դեպքում վերադարձման ենթակա չէ ու փոխանցվում է ՀՀ պետբյուջե։ Գնորդը պարտավոր է վճարել նաև գույքի արժեքի որոշման դիմաց գանձվող գումարը՝ 819 768 ՀՀ դրամը։